ԱՐԵՆԻԻ ՔԱՐԱՆՁԱՎ
ԱՐԵՆԻԻ ՔԱՐԱՆՁԱՎ
Դարեր շարունակ այս տարածաշրջանի քարանձավները համարվում էին պարզապես սովորական քարանձավներ։ Երեխաները խաղում էին դրանցում, բայց ոչ ոք շատ բան չգիտեր դրանց մասին։ Սակայն այդ ամենը փոխվեց 2007 թվականին, երբ Արենիի քարանձավում սկսվեցին պեղումները։
Պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մեծ համալիրներ, որոնք ցույց տվեցին, որ այս քարանձավը ժամանակին օգտագործվել է կրոնական և տնտեսական նպատակներով։ Քարանձավի մի սենյակում հայտնաբերվեց գինու հնձան, որտեղ դեպի կարաս հոսող կարծր մակերես է առկա։ Հայտնաբերվեցին սերմերի, ցողունների և կարմիր գինուն բնորոշ գույն տվող միացության հետքեր, ինչը գիտնականների լայն շրջանակին հանգեցրեց այն եզրակացության, որ տարածքը մոտ 6,000 տարի առաջ օգտագործվել է որպես գինեգործարան։
Արենիի քարանձավն այժմ ճանաչված է որպես աշխարհի ամենահին գինեգործարանը և համարվում է առնվազն հազար տարով ավելի հին, քան 1963 թվականին Հուդայում և Սամարիայում հայտնաբերված գինեգործարանը, որը համարվում է երկրորդ ամենահին գինեգործարանը ներկայումս հայտնի բոլոր գինեգործարաններից։
Արենիի քարանձավում հայտնաբերվել է նաև աշխարհի ամենահին կաշվե կոշիկը, որը լցված է եղել խոտով և պահվել է պահեստում։ Դրա տերը պետք է պատրաստած լիներ այն մոտ մ.թ.ա. 3,500 թվականին, այնպիսի ոճով, որը մինչ օրս տարածված է Կովկասում և Բալկաններում։ Կոշիկը ներկայումս մշտական ցուցադրության է դրված Երևանի Հայաստանի պատմության թանգարանում։
Քարանձավում հայտնաբերվել են նաև աշխարհի ամենահին ծղոտե շրջազգեստը (մ.թ.ա. 3,900) և ամենահին մարդկային ուղեղը (մ.թ.ա. 4,000), խեցեղենի, ծղոտե զամբյուղների և ծիսական իրերի հետ միասին։ Կարասների մեջ հայտնաբերվել են, անգամ, կմախքներ, որոնք հնարավոր է մնացել են ծիսական զոհաբերություններից։
Մինչ օրս Արենիի քարանձավի 10%-ից պակաս մակերեսն է հետազոտվել, այնպես որ կարող են սերունդներ անցնել, մինչև իմանանք, թե ինչ է թաքցնում ամբողջ քարանձավը։ Պեղումները շարունակվում են, սակայն կան բազմաթիվ սենյակներ և քարանձավի ավելի մեծ հատվածներ, որոնք դեռ չեն ուսումնասիրվել։