ԳԱՌՆԻ
ԳԱՌՆԻ
Գառնու տաճարը Հայաստանի գլխավոր զբոսաշրջային վայրերից է և հայկական նեոհեթանոսական շարժման կենտրոնական սրբավայրը։
Գառնու տաճարը դասական հելլենիստական տաճար է, և գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում։ Այն միակ հունահռոմեական սյունազարդ կառույցն է Հայաստանում և նախկին Խորհրդային Միությունում։ Տեղանքը գտնվում է Գառնի գյուղի մոտ և պաշտոնապես հայտնի է որպես «Գառնի» պատմամշակութային արգելոց։ Վերջինս ներառում է տաճարը, բաղնիքի համալիրը, թագավորական ամառային պալատը, 7-րդ դարի Սուրբ Սիոն եկեղեցին և մի շարք այլ փոքր կառույցներ, այդ թվում՝ միջնադարյան խաչքարեր:
Գառնին նախաքրիստոնեական Հայաստանի ամենահայտնի կառույցն ու խորհրդանիշն է։ Գառնու տաճարը կառուցվել է մ.թ. 1-ին դարում հայոց Տրդատ թագավորի կողմից Հռոմում Ներոն կայսեր այցելելուց հետո ստացած գումարով և նվիրվել է Արևի աստծուն՝ Միտրային (Հայաստանում հայտնի է որպես Միհր):
Ենթադրվում է, որ աստծո գաղափարը ծագել է Հնդկաստանում, Պարսկաստանում և Հայաստանում, ստանալով զրադաշտականության ձև բրոնզի և երկաթի դարերում, որտեղից էլ Ալեքսանդր Մակեդոնացու բանակի զինվորները փոխառնել են այն և իրենց հետ Հունաստան տարել, որտեղ աստծո գաղափարը ստացել է Մանիքեյան ձևը և ներառվել է Հելիոս Արևի Աստծո հունական հայեցակարգում։
Տաճարը փլուզվել է 1679 թվականի երկրաշարժից։ Նորացված հետաքրքրությունը հանգեցրեց տաճարի վերակառուցմանը 1969-ից 1975 թվականներին: Այսօր, Արևի Աստծո տաճարը լիովին վերականգնվել է պահպանելով իր սկզբնական տեսքը, չնայած որոշ տարրեր փոխարինվել են ժամանակակից տարրերով:
Տաճարից հիանալի տեսարան է բացվում կիրճի վրա, որը ձևավորվել է մշտապես հոսող Գողթ գետի շնորհիվ: Այն անցնում է այս գեղեցիկ, աչք շոյող կիրճի միջով, որը կոչվում է Գառնու կիրճ և հիացնում է իր՝ լավ պահպանված ուղղահայաց բազալտե սյուներով: Ապշեցնող ութանկյուն սյուներն երգեհոնի տեսք ունեն, այդ պատճառով էլ կոչվում են «Քարերի սիմֆոնիա»։