ՏԱԹԵՎ
ՏԱԹԵՎ
9-րդ դարի Տաթևի վանքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մարզում` Սյունիքում, Գորիս քաղաքից ոչ հեռու և Երևանից 280 կմ հեռավորության վրա։ Տաթևի բարձրավանդակը գործածվել է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից, որտեղ հեթանոսական տաճար է եղել։ 4-րդ դարում` Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո, տաճարը փոխարինվել է համեստ եկեղեցով։
11-րդ դարի սկզբին Տաթևը հյուրընկալել է շուրջ 1000 վանականների և մեծ թվով արհեստավորների։ 1044 թվականին հարևան ամիրայությունների զինված ուժերը ավերեցին Սուրբ Գրիգոր եկեղեցին և նրա հարակից կառույցները, որոնք շուտով վերակառուցվեցին։
1170 թվականին սելջուկ թուրքերը կողոպտեցին վանքը և այրեցին մոտ 10000 ձեռագիր։ Լենկթեմուրի կատարած արշավանքների ժամանակ (1381-1387 թթ.) Տաթևը կողոպտվել, այրվել է և յուրացվել է նրա տարածքների զգալի մասը։ Վանքը լրացուցիչ հարված է ստացել 1434 թվականին Շահ Ռուխի արշավանքի ժամանակ։ Այն կրկին կողոպտվել է 1796 թվականին Աղա Մահմեթ խանի գլխավորած պարսկական զորքերի ներխուժման ժամանակ։
14-15-րդ դարերում Տաթևի վանքը համարվել է հայկական միջնադարյան կարևորագույն համալսարաններից մեկը՝ Տաթևի համալսարանը, որը նպաստել է գիտության, կրոնի և փիլիսոփայության առաջընթացին, գրքերի վերարտադրմանը և մանրանկարչության զարգացմանը։
«ՏաԹևեր»-ը դեպի Տաթևի վանք տանող ամենակարճ, գեղատեսիլ և տպավորիչ ճանապարհն է։ «ՏաԹևեր»-ը դրախտային ճանապարհ է, որը գտնվում է 320 մ բարձրության վրա և 12 րոպե անմոռանալի թռիչք է ապահովում փոթորկոտ Որոտան գետի կիրճի վրայով։ Ավստրիա-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերության կողմից 2010 թվականին կառուցվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5,7 կմ, կամ 3,5 մղոն) և գրանցվեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում իբրև ռեկորդակիր՝ ամենաերկար, հետադարձելի և առանց կանգառ կատարելու շարժվող ճոպանուղու համար: